Հնարավոր նոր ալիքը զսպելու համար մենք քիչ ժամանակ ունենք
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։
Հասկանալի է, որ հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը։ Օմիկրոն շտամի առանձնահատկությունն այն է, որ սիմպտոմները խիստ չեն արտահայտվում, և մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հավանաբար վարակակիր են, սակայն չեն թեստավորվել։ 5812 թեստերի մեծ մասն արվել է Հայաստանից մեկնողների կողմից, մյուս մասը՝ աշխատավայրերում պարտադիր թեստավորման շրջանակներում։ Սա շատ քիչ է Հայաստանում օմիկրոնի իրական պատկերն իմանալու համար։ Ես ուզում եմ կրկին շեշտել՝ աշխարհը գնում է զանգվածային անվճար թեստավորումների ճանապարհով, ռապիդ թեստեր տրամադրելով։ Իսկ մեր նման աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում թեստավորումը թողնվել է մարդկանց հաշվին, ովքեր հասկանալիորեն դա չեն անելու։
Օմիկրոն շտամը երկու անգամ ավելի արագ է տարածվում և լուրջ վտանգ է ներկայացնում առողջապահական համակարգի համար։ Արագ տարածումը հանգեցնելու է հոսպիատալացման թվի աճի։ Այս տեմպերով մենք չենք ունենալու վարակի իրական պատկերը, և չենք կարողանալու ճիշտ գնահատել հոսպիտալացման հնարավորությունները։ Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար։
Հնարավոր նոր ալիքը զսպելու համար մենք քիչ ժամանակ ունենք։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ