«Եթե ՔՊ խմբակցությունում նստած են Փաշինյանի ուսապարկերը, ապա կառավարությունում էլ նստած են նրա ստրուկները. ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանություն». Արեգնազ Մանուկյան

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ օրերս խորհրդարանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղված իր հարցին և այդ համատեքստում եղած զարգացումներին։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը Վահան Քերոբյանին հարցրել էր, թե ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ խոստացել էր, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական կներկայացնի։ Հարցին ի պատասխան՝ Վահան Քերոբյանն ասել էր, որ կատակ է արել։ Այնուհետև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե ինքն է արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո, սոցիալական հարթակում օգտատերերը կեսկատակ-կեսլուրջ քննարկում էին, թե Վահան Քերոբյանը Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատում է գերու կարգավիճակում։

«Իրականում այդ գործելաոճով Նիկոլ Փաշինյանն ուզում էր բավարարել իր բռնապետիկի նկրտումները։ Դա էր պատճառը, որ նա արագ մոտեցավ ամբիոնին և, փոխանակ հարգալից վերաբերմունք ցուցաբերեր իր իսկ նշանակած նախարարի նկատմամբ, պարզապես հայտարարեց, որ քաղաքական թրաֆիքինգի է ենթարկում Վահան Քերոբյանին, հետևաբար՝ նաև մյուս բոլոր նախարարներին, և այդ նախարարներն իր համար պարզապես ստրուկներ են։ Այսինքն՝ նա կարող էր շատ քաղաքակիրթ ձևով ներկայացնել, օրինակ, ես պատասխանի տարբերակ եմ ասում, որ Վահան Քերոբյանն իրեն ներկայացրել է հրաժարական, բայց հաշվի առնելով նրա կատարած մի շարք դրական աշխատանքները, չնայած Վահան Քերոբյանի դեպքում որևէ դրական աշխատանք չկա, այդուհանդերձ, գոնե քաղաքակիրթ ձևով կարող էր այդպես ձևակերպել։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ փոքրոգի և շատ ստոր, կոմպլեքսներ ունեցող անձնավորություն է, ահա այդպես հրապարակայնորեն փչացրեց և ստորացրեց իր նախարարին»,- նշեց Արեգնազ Մանուկյանը։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ իրականում ծիծաղելի էր Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, որ եթե երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական կտա, որովհետև բիզնես աշխարհում ձախողակի համբավ ունեցող մեկը, երբ նման հայտարարություն է անում, առնվազն մարդը կարող է պատկերացում կազմել, թե ինչպիսի աճ է լինելու։

«Բնականաբար, երկնիշ տնտեսական աճ չեղավ, և հաստատ Վահան Քերոբյանը չէր, որ կկարողանար այդ երկնիշ տնտեսական աճն ապահովել։ Մեկ անգամ նա այդ մասին ասել է հեռուստաընկերություններից մեկի եթերում, մեկ անգամ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է նաև հարցազրույցներից մեկում։ Այսինքն՝ նա իր այս խոստումը մի քանի անգամ էր հնչեցրել, հետևաբար՝ ինձ մոտ հարց էր առաջանում, եթե երկնիշ տնտեսական աճ չի ապահովել, ինչո՞ւ հրաժարական չի տալիս, կամ՝ ե՞րբ է հրաժարական տալու։ Այստեղ էր, որ նա ստեց, այն էլ՝ մի քանի անգամ։ Առաջին անգամ ասաց, որ նկատի է ունեցել անվանական արժեքը, երկրորդ անգամ ասաց մոտավորապես նման մի տեքստ, թե կներկայացնի իր հրաժարականը, վերադասը կորոշի՝ հրաժարական տա՞, թե՞ ոչ, երրորդ անգամ էլ ասաց, որ կատակ է արել։ Այսինքն՝ այս մարդն ինչ խոսում է, այս պատմությունից հետո պետք է անլուրջ ընկալենք»,- հավելեց պատգամավորը։

Հարցին՝ համացանցում քննարկվում է, եթե Վահան Քերոբյանն այսօր գերու կարգավիճակում է Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատում, ընդդիմությունը չի՞ ուզում աջակցել նրան և ազատել Նիկոլ Փաշինյանից, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը փաստորեն նման վերաբերմունք է դրսևորում ոչ միայն Վահան Քերոբյանի, այլև կառավարության բոլոր անդամների հանդեպ։

«Եթե մինչ այս իրենք հայտարարել էին, որ խորհրդարանում իրենց խմբակցությունում նստած են Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, այսուհետև արդեն ակնհայտ դարձավ, որ Կառավարությունում էլ նստած են Նիկոլ Փաշինյանի ստրուկները, հետևաբար՝ մենք ունենք ուսապարկերի և քաղաքական ստրուկների իշխանություն»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս