«Ճանապարհների հետ կապված խնդիրներ, իհարկե, կան, կարող է 1-2 ժամ փակ լինի, մինչև մաքրեն, այնուհետև բացվի». Ներքին Հանդի վարչական ղեկավար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

«Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞:

Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք»,- գրել էր Արման Թաթոյանը:

168.am-ի հետ զրույցում Ներքին հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ օրեր առաջ ճանապարհը փակ է եղել, սակայն այսօր նորմալ երթևեկությունը վերականգնվել է։

«Մենք Ճակատենով ենք երթևեկում։ Եթե բուք է լինում, դրա հետևանքով  ճանապարհը փակվում է, Մեղրիից գալիս են՝ մինչև Ճակատեն մաքրում են, Կապանից էլ մինչև Ճակատեն են մաքրում։ Այդ ճանապարհն այս պահին աշխատում է, գործում է։ Խնդիրներ, իհարկե, կան՝ ճանապարհների հետ կապված, կարող է 1-2 ժամ փակ լինի, մինչև մաքրեն, այնուհետև բացվի։ Գորիս-Կապան ճանապարհից, որտեղ թշնամին մաքսակետեր է դրել, առհասարակ չենք օգտվում, նախ 5 ամիս է՝ Երևան չեմ գնացել։ Մեր գնալ-գալը Տաթևով է»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մարդկանց տրամադրությունն այնպես է, ինչպես 2020 թվականի դեկտեմբերին, երբ թշնամին ներխուժեց Սյունիք։

«Դե, ի՞նչ անեն մարդիկ, փորձում են ապրել»,- եզրափակեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս