Ինչո՞ւ հենց Արտակ Սարգսյանը

«Առավոտը» գրեցլ էր, որ բերման են ենթարկվել ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Արտակ Սարգսյանն (լուսանկարում) ու մի քանի աշխատակիցներ։

Ավելի ուշ 168.am-ը տեղեկացավ, որ Արտակ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կաշառք և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Տեղեկացանք նաև, որ Արտակ Սարգսյանի հետ բերման ենթարկված աշխատակիցներն ազատ են արձակվել, իսկ ինքը ձերբակալվել է:

Այս տեղեկությունները մենք չկարողացանք ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, քանի որ այդ կառույցի լրատվականն առհասարակ անհասանելի է վերջին ամիսներին:

Այնուամենայնիվ, Արտակ Սարգսյանի ձերբակալությունը տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ մորաքրոջ որդին է:

Արտակ Սարգսյանը նորեկ չէ քրեակատարողական համակարգում, սակայն երբեք աչքի չի ընկել ղեկավարման ձիրքով, ինչը չխանգարեց, որ իշխանափոխությունից որոշ ժամանակ անց վերջինս նշանակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ:

Համակարգի հնաբնակներն այնքան ապշած էին այս նշանակումից, որ ունեին սոսկ մեկ բացատրություն՝ այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գործոնը:

Ինչևէ, հիմա Արտակ Սարգսյանը մեղադրվում է մի քանի հակաիրավական արարքներ կատարելու մեջ: Չխախտելով վերջինիս անմեղության կանխավարկածը, մենք չենք պնդում Արտակ Սարգսյանի մեղսակցությունը նշված արարքներին, չնայած, այնուամենայնիվ, հարցը բաց է մնում:

Քրեակատարողական հիմնարկներում առհասարակ աղետալի վիճակ է բոլոր առումներով, ուրեմն ինչո՞ւ հենց Արտակ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս