
Լավրովի և Բլինքենի նոր հանդիպումը կարող է անցկացվել փետրվարին

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նոր նախարարական հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարին, բայց ոչ ամսվա առաջին օրերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր։
Ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին Ժնեւում անցկացվել են ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Պատասխան ստանալուց հետո որոշ ժամանակ հարկավոր կլինի դրա ուսումնասիրման համար: Խոսքը շաբաթների, այլ ոչ թե օրերի մասին է»,-ասել է աղբյուրը:
Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ը ՌԴ-ի առաջարկությունների գրավոր պատասխանը տրամադրի հաջորդ շաբաթ, ինչպես եւ խոստացել է, ապա հանդիպումը կարող է կազմակերպվել փետրվարին, «բայց բոլոր դեպքերում՝ ոչ ամսվա առաջին օրերին»: Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից Ռուսաստանի առաջարկությունների գրավոր պատասխանն ստանալուց հետո հնարավոր է՝ նախարարական մակարդակի նոր հանդիպում անցկացվի: