««Օմիկրոնն» ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը… մաքսիմում բարդությունը բրոնխիտն է». համաճարակաբան

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն:

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հունվարի 17-ին հայտնեցին, որ շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։

Իսկ հունվարի 20-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես և սպասվում էր՝ քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում ՀՀ-ին:

«4-5 օր անընդմեջ ամենօրյա տոկոսային աճ ենք ունենում, երեկվա համեմատ՝ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ «Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար՝ մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»,- հայտարարեց Փաշինյանը։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ վարակվածության ալիքն էլի ինտենսիվ սկսել է բարձրանալ և շարունակելու է բարձրանալ, որովհետև ամբողջ աշխարհում շրջանառվում է շատ արագ տարածվող շտամը՝ «Օմիկրոնը»:

««Օմիկրոնն» ինտենսիվ տարածման հակում ունի, շատ ավելի վարակիչ է, քան «Դելտա» շտամը: Դրա համար մենք ունենք բոլոր խոցելի խմբերը, պայմանները, որ ավելի ինտենսիվ այն տարածվի մեզ մոտ: Արդեն իսկ սկսվել է վարակվածության դեպքերի աճ, ու հայտնվել ենք կարմիր գոտում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքերի աճ ավելի շատ գրանցվում է երեխաների շրջանում: Բայց սա կարող է լինել ոչ միայն վիրուսի առանձնահատկությունը, այլև զուտ այն, որ մանկական պատվաստումային ընդգրկվածությունն ամբողջ աշխարհում շատ բարձր չէ, դրա համար ավելի խոցելի են երեխաները: Տարբեր հետազոտություններ կան, համաձայն որոնց՝ «Օմիկրոնն» ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, որի հաշվին արտազատումը վերին շնչուղիներից ավելի շատ է, իսկ դրանով բացատրվում է նաև բարձր վարակելիությունը: Ու մաքսիմում բարդությունը բրոնխիտն է»,- մանրամասնեց համաճարակաբանը:

Նա դժվարացավ պատասխանել, թե ե՞րբ կավարտվի վիրուսի շրջանը:

«Մենք չգիտենք, թե վիրուսն իրեն ոնց կպահի, վիրուսի փոփոխության արդյունքում պատվաստանյութերն ինչքանով կշարունակեն լինել արդյունավետ: Այսինքն, այս ամենը շատ դժվար է կանխատեսել: Արդեն իսկ հիվանդացածների իմունիտետը թուլանում է, նրանք կրկին վարակվում են»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս