
Տեղի ունեցածը գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Գյումրիում հոտի տարածման պատճառը

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է, թե ինչն է եղել հունվարի 20-ի երեկոյան Գյումրիում հոտի տարածման պատճառը:
«Հունվարի 20-ին ժամը 20:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց: Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի: