Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են իրենց։
Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթած ինքնահռչակ այս պետության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք գոհ ենք, որ ադրբեջանցի եղբայրների հետ մեր հարաբերություններն ավելի հեռուն են գնացել, աճել են սոցիալական ու մշակութային շփումները: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ: Մենք ազգ ենք նույն ծագմամբ, կիսում ենք նույն մշակույթը, ճակատագրով միավորված պետություններ ենք և տարատեսակ պայքարներում կանգնած ենք կողք կողքի»:
Ուշագրավ է, որ հանդիպմանը առկա են եղել միայն Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության դրոշները: Իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն էլ նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո:
Հանդիպման լուսանկարի հավաստիությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ այն հրապարակվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կողմից։