«Տեսականորեն հնարավոր է վերականգնել արցախցիների իրավունքները  Հադրութում, Շուշիում, մասամբ՝  նաև Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում». Սեյրան Օհանյան

«Այս ամենը սահմանազատման ու սահմանագծման փաթեթի շրջանակներում է: Խոսել ԽՍՀՄ-ի ու այլ քարտեզներից, այսօր մեզանից որևէ մեկը չի կարող ասել՝ սկսած ՀՀ ղեկավարությունից, վերջացրած մեզանից յուրաքանչյուրով»,-  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե սահմանին պետք է երկուստեք տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում, ապա հավելեց.

«Դրա համար պետք է ստեղծվի հանձնաժողով, խառը հանձնաժողովներ, որոնք ամբողջությամբ վեր կհանեն Խորհրդային Միության ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ դաշտը և այն ամբողջ գործողությունները, որոնք տեղի են ունեցել այն ժամանակվա երկու հանրապետությունների, այսօրվա պետությունների միջև»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ միայն լիարժեք ու խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի այդ սահմանը: Իսկ հայելային հետքաշումը Սեյրան Օհանյանը որակեց անիմաստ, մերկապարանոց խոսակցություն:

«Դուք կարծում էիք, որ Բաքուն պետք է համաձայներ ու զորքը հե՞տ քաշեր, կարծում եմ՝ իրենք երբևէ դրան չեն համաձայնի: Սա ես չեմ ասում նրա համար, որ այսպես բարձրացնեմ հակառակորդի դերակատարությունը: Հակառակորդ Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են և նրանք հանցագործություններ են կատարել Հայաստանի ու Արցախի նկատամամբ:  Հիմա այլ բան է, երբ խոսում ենք երկու երկրների հարաբերություններից, այդ հարաբերությունների ձևավորման համար չկան պայմաններ: Պետք է ամեն ինչ անել, գնալ խաղաղության, սակայն չպետք է այդ խաղաղության գնալ մեր շահերի, առավել ևս՝ մեր հող ու ջրի  հաշվին: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, տեսականորեն նաև հնարավոր է, որ Արցախի հատվածում վերականգնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները Հադրութում, Շուշիում, մասամբ նաև՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում: Սրա համար պետք է բանակցել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս