«Մեր իշխանության ժամանակ ստիպել ենք, որ ՀԱՊԿ ղեկավարությունն այցելի ՀՀ սահմաններ և այնտեղից հայտարարություն անի». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները ցույց տվեցին, որ ի վիճակի են աշխատացնելու ՀԱՊԿ-ին, բայց Ղազախստանում աշխատացրեցին:
«Հիմա, եթե ՀԱՊԿ ղեկավարությունը, որն այսօր ՀՀ ղեկավարությունն է, ի դեպ, այդ հարցում ուրախ ենք, որ մեր ղեկավարությունն է ՀԱՊԿ-ում, եթե Միջինասիական տարածաշրջանում ինքը կարողացել է գործարկել և գործարկել ռազմական խաղաղապահ կոմպոնենտը, ապա պարտավոր է այն գործարկել ՀՀ տարածքում: Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, ապա ինքը պետք է բանակցի համապատասխան մարտավարություն, մեթոդներ մշակի նրանց հետ աշխատելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ում ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ համապատասխան գործընթացներ են իրականացվել, առաջինն օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են:
«Առաջարկությունը մերը չի եղել, ի սկզբանե եղել է Ղազախստանինը, բայց մենք այնտեղ լուրջ ներդրում ենք ունեցել, և այդ ուժերը տարածաշրջանային ուղղվածություն ունեն: Մյուս կոմպոնենտը՝ ռազմական կոմիտեն, որի անդամներ են հանդիսանում ԳՇ պետերը, այն մեր առաջարկությամբ է ձևավորվել, և մենք այնտեղ բավականին լուրջ աշխատել ենք: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, փաստ է, որ երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին՝ ոչինչ չի արել, բացի քննարկումներ կազմակերպելուց: Իսկ երբ խնդիրը վերաբերել է Ղազախստանին, ամբողջ մեխանիզմները գործարկվել են: Կարծում եմ՝ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատացնելու գործում Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը եղել է տեխնիկական բնույթի: Այնտեղ ավելի մեծ դերակատարներ կան, ինչպիսին մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է: Մեր իշխանության ժամանակ մենք ստիպել ենք, որպեսզի ՀԱՊԿ-ից, նույնիսկ ՀԱՊԿ-ի ղեկավարը՝ Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ, եկել ու եղել է ՀՀ սահմաններում, նախիջևանյան հատվածում և այնտեղից հայտարարություն է արել»,- հավելեց Ս. Օհանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում