«Պետք է թշնամին միակողմանի հետ քաշվի մեր այն տարածքներից, որտեղ մխրճվել է». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ  ՀՀ իշխանությունների կողմից երկրի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռքի հետ: Որոշումներ ընդունելիս՝ նրանք չեն գնահատում իրադրությունը, հակառակորդի սպառնալիքները, հետևաբար՝ ոտքի վրա ընդունված որևէ որոշում երբևիցե չի կարող հարց լուծել, որովհետև իրադրության ռեալ գնահատում տեղի չի ունեցել:

«Մեր իշխանությունները որոշումներն ընդունում են փորձարկումների և սխալների մեթոդով: Խելացի անձնավորությունն այդ որոշումներն ընդունում է՝ հաշվի առնելով նաև ուրիշի սխալները: Մեր պետության սխալներն անընդհատ կրկնվում են, մերոնք երևի ընդունում են հայտնի խոսքը, թե փորձը փորձանք չէ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ իրականում այն փորձերը, որոնք եղան մեր իշխանության մոտ, բերեցին ահռելի փորձանքի: Փորձանքն այն է, որ սահմանների հետ գոյություն ունեցող ճշգրտման խնդիրները՝ սահմանազատումն ու սահմանագծումը, որը մոտ հինգ ամիս աշխատում ենք ու փորձում ենք առաջ տանել և հարցը մտցնել նիստերի օրակարգ, բայց ՔՊ-ն չմտցրեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից շրջանառվող թեզին, որ սահմանից երկուստեք զորքերը պետք է հայելային հետ քաշվեն, Սեյրան Օհանյանը հիշեցրեց՝ հայկական կողմն արդեն բանավոր ցուցումով մեկ անգամ սահմանից հետ է քաշվել, ընդ որում, կառավարության ղեկավարի բանավոր ցուցումով: Դրանից հետո հակառակորդը եկել ու կանգնել է սահմանին,  սադրանքների դիմելով՝ մխրճվել է  ՀՀ տարածքի մեջ:

«Կապանի հատվածը, Կապանի ճանապարհները, Սև լիճը, Իշխանասարի ռազմավարական բարձունքները, նաև Գեղարքունիքի մարզում: Ի՞նչ է նշանակում՝ հայելային հետքաշում, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ մխրճվել է հակառակորդը: Եթե այն տարածքներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, հակառակորդն ինքը պետք է հայելային, միակողմանի հետ քաշվի իր տարածքներ, և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է տարվեն»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս