«Թրաֆիքինգի զոհերով զբաղվողներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել Վահան Քերոբյանին». Ռոբերտ Հայրապետյան

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիների նկատմամբ իրենց իշխանության օրոք կիրառված տուգանքները՝ նշելով, որ իրենց համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ: Եվ որպես ապացույց, որ օրենքները բոլորի համար հավասար են գործում, Փաշինյանը նշեց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, ինչն ըստ նրա՝շատ հիշարժան փաստ է:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի համար զարմանալի է, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» լոզունգով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հիմա հպարտանում է, որ մեծ քանակությամբ քաղաքացիների է տուգանել և դա փորձում է ներկայացնել՝ որպես օրենքի և օրինականության հաստատում:

«Մի իշխանություն, որը թքած ունի երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության վրա, մի իշխանություն, որը օրենք է ընդունում ԱԺ-ում, հետո մինչև հրապարակումը փոփոխություն է կատարում այդ տեքստում, նոր հրապարակում է, մի իշխանություն, որը քաղաքական հրահանգներով կալանավորում է ՏԻՄ ընտրություններում ոչ ՔՊ-ի հաղթած թեկնածուներին, առնվազն երեսպաշտության գագաթնակետում պետք է գտնվի, որ կառավարության նիստին նման հայտարարություն անի: Ինչ վերաբերում է ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տուգանային հրապարակ տանելուն, դա հերթական պոպուլիզմի չափաբաժինն է, որով փորձում են կերակրել այս ժողովրդին, ինչպես կերակրել են նախորդ մոտավորապես 4 տարվա ընթացքում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Երեկվանից շատ է քննարկվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ինքն է արգելել հրաժարական տալ: «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու Կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ձեր եթերն օգտագործելով՝ ուզում եմ կոչ անել թրաֆիքինգի զոհերով զբաղվող բոլոր կազմակերպություններին, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում պահեն Վահան Քերոբյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի ասածից հետո ինձ մոտ տպավորություն է, որ Քերոբյան Վահանը հարկադիր աշխատանքի զոհ է: Կարծում եմ՝ Քերոբյան Վահանի դեպքը լավ օրինակ կարող է լինել՝ թրաֆիքինգի պաշտպանության առումով, այսինքն՝ վատ չէր լինի, որ նրան պահեն ուշադրության կենտրոնում: Թեպետ մենք ունենք վավերացրած մի շարք կոնվենցիաներ՝ ստրկության բոլոր ձևերի պայքարի և այլն, լավ կլինի՝ այդ կոնվենցիաներն էլ պահպանվեն: Փաշինյանի խորհրդականները, որոնք «իրավական» առումով են նրան աջակցում, երևի խորհուրդ են տվել, որ՝ դու ես այս երկրում որոշում, որովհետև դու ես այս երկրում վարչապետը, իհարկե, հիմա չեմ ուզում դետալացված խորանալ օրենքի մեջ, թե նախարարին ով է նշանակում, ով է ազատում, ուղղակի շանս տանք այս մարդուն ևս մեկ անգամ ինքնահաստատվել ԱԺ ամբիոնից և ցույց տալ, որ ինքն է տերն ու տիրականը»,- Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս