
Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար է կուտակվել

Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա է կանգնել մնացել Ռազմա-վրացական ճանապարհի ռուսաստանյան կողմում. ավտոմեքենաները գտնվում են Հյուսիսային Օսիայի Վերին Լարս մաքսային անցակետում:
Այդ մասին հաղորդում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները: Նախորդ օրը երեկոյան Վրաստանի իշխանությունները ձյան ինտենսիվ տեղումների պատճառով սահմանել են բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության արգելք: Մասնավորապես արգելքը գործում է կցանքով կամ կիսակցանքով ավտոմեքենաների համար միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի պատվածում:
«Հունվարի 20-ի առավոտվա դրությամբ Վերին Լարս մաքսային անցակետում գտնվում են 53 մեծաբեռնատար ավտոմեքենաներ»,-արտակարգ ծառայության ներկայացուցչի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին գործակալությունը: Նա հավելել է, որ վարորդների համար պատրաստվել է սննդի եւ տաքանալու 12 ստացիոնար կետ: Հունվարի սկզբին 340 բեռնատար էր կուտակվել Ռազմա-վրացական ճանապարհի ռուսաստանյան կողմում: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված՝ Ռազմա-վրացական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որ Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի- Վերին Լարս մաքսային անցակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: