Բաժիններ՝

Աֆղանստանում թալիբների օրոք գործազրկությունը սրընթաց կերպով աճում է. ՄԱԿ-ի փորձագետներ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) հայտարարում է, որ Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին «Թալիբան» ահաբեկչական շարժման իշխանության գալուց հետո ավելի քան կես միլիոն մարդ կորցրել է աշխատանքը։ «Խոսքը միայն երրորդ եռամսյակի վիճակագրության մասին է:

ԱՄԿ-ի փորձագետները երկյուղ ունեն, որ ընթացիկ տարվա կեսերին այդ թիվը կարող է կազմել 900 հազար»,-ասվում է ՄԱԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ գործազրկության մակարդակի այսպիսի սրընթաց աճը կանանց զբաղվածության սահմանափակումներ մտցնելու եւ բազմաթիվ պետական ծառայողների հեռացնելու, ինչպես նաեւ ծանր տնտեսական ճգնաժամի հետեւանք է: ԱՄԿ-ի փորձագետների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք աշխատանքի շուկայում աշխատաժամերի քանակի կորուստները, ապա 2021 թվականի երրորդ եռամսյակում դրանք կազմել են 13 տոկոս՝ առանց իշխանափոխության հիպոթետիկ սցենարի համեմատությամբ: «Ճգնաժամն առավել մեծ չափով վերաբերել է կանանց:

Այսպես, նրանց զբաղվածության մակարդակը, որն առանց այդ էլ չափազանց ցածր է ըստ համաշխարհային ստանդարտների, անցյալ տարվա երրորդ եռամսյակում նվազել է 16 տոկոսով: Մինչեւ 2022 թվականի կեսերը կանխատեսվում է դրա մինչեւ 28 տոկոս անկում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այս շաբաթ ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ մեծ անհանգստություն են հայտնել կանանց աշխատանքի իրավունքի խախտման առնչությամբ: Նրանց խոսքով՝ թալիբները կանանց արգելել են վերադառնալ իրենց աշխատատեղեր, ինչպես նաեւ հասարակական վայրեր այցելել առանց տղամարդկանց ուղեկցության: Երկրում լուծարվել է կանանց գործերի նախարարությունը եւ վերցվել են Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի հարկաբաժինները, հաղորդել է «Իներֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս