
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 «կողմ», 33 «դեմ» ձայներ, 3 բացակա պատգամավորներ ծրարով թողել էին իրենց քվեարկությունները:
Վիլեն Գաբրիելյանը հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում:
Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Սակայն նոր թեկնածու չի նշանակում, որ նույն մարդը մի քանի անգամ չի կարող առաջադրվել, եթե օրինակ մի անգամ առաջադրվի ու չընտրվի, և հաջորդ անգամ առաջադրված այլ թեկնածուն ևս չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց՝ նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքներին, ապա ավելի հիմնարար քննարկումների կարիք կա: Նա առաջարկեց դեմ քվեարկել հետո նստել, միասին քննարկել ու հիմնարար լուծումների գալ: «Հակառակ դեպքում այն, ինչ ներկայացված է, ընդամենը ընդդիմությանը վերապահված որոշակի պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում»,-ասաց պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանն էլ հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Զավթելու մասին հայտարարությունը նա անհիմն համարեց: «Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահի խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով՝ փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը»,-ասաց նա:
Մինասյանն էլ կրկին վարման կարգով արձագանքեց՝ վստահեցնելով, որ իրենց գործողությունները երբեք շոուի տարրեր չեն պարունակել: