Երրորդ Հանրապետության մեջ առաջին անգամ են այդ պաշտոնյաները ենթարկվում պատասխանատվության. Փաշինյան

«2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը, և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ն. Փաշինյանի արձանագրմամբ՝ այդ պրոցեսը համավարակով, պատերազմով և ներքաղաքական ճգնաժամով պայմանավորված՝ բավականին դժվար է ընթացել, իսկ գործընթացը մեկնարկելու որոշումն ընդունվել է բարդ պայմաններում՝ 2021 թ. հուլիսին:

Ամփոփելով ՀՀ-ում շուրջ 6 ամիս գործող պարեկային ոստիկանության աշխատանքները՝ նա ներկայացրել է արդյունքները:

«Բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք աշխատանքային վերջին մեր հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի հետ ամփոփել ենք արդյունքները միջանկյալ պարեկային ոստիկանության աշխատանքի, և կարծում եմ, որ այդ արդյունքներն արժանի են հրապարակման»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հրապարակեց տվյալները՝ համեմատելով դրանք Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ:

Օրինակ, եթե նախկինում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրությունները նախորդ՝ համեմատելի ժամանակաշրջանում եղել են 565, ապա պարեկային ոստիկանության կողմից՝ դրանք եղել են 1917, հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրությունները նախկին՝ 953-ի փոխարեն՝ եղել են 3435:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ նախկինում հանցագործություն կատարելու կասկածանքով որևէ մարդ բերման չի ենթարկվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ, պարեկները հայտնաբերել են նաև հետախուզման մեջ գտնվող 51 անձի:

«Քավ լիցի, մեր դրական արձագանքն այն մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել. մեր դրական արձագանքն այն մասին է, որ մեր համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ:

Եվ ես ուզում եմ ևս մի էսպիսի աշխատանքային գաղտնիք բացահայտել. պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, որոնք, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք մենք չունենք, որ այդ աստիճանի, այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս