Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի էր դրանցով, սակայն փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը: Նկատենք՝ Փաշինյանի կողմից ապատեղեկատվությունն ու հակասական հայտարարությունները հիմնականում կապ ունեին նախկին իշխանությունների ու տնտեսական ցուցանիշների հետ:

Օրինակ՝ անցնող տարի վարչապետը շարունակեց պնդումների շարքը, թե նախորդ իշխանությունները «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ «հանձնել էին» Շուռնուխից, Որոտանից եւ Սոթքից հատվածներ։ Սակայն ընդգծենք՝ ներքին օրենքներով երկրի արտաքին սահմանները չեն կարող որոշվել, հետեւաբար Փաշինյանի այս խոսքերը հերթական մանիպուլյացիան էին, իսկ տնտեսական մանիպուլյացիաներն անպակաս են եղել թե՛ նրա, թե՛ նրա թիմի մյուս անդամների մոտ: Օրինակ՝ վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ իրեն հաջողվել է ռազմական ծախսերն ավելացնել 48%-ով, սակայն իրականում խոսքը 26 տոկոսի մասին է:

«Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2021-ին կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները լրատվամիջոցների հետ՝ գրեթե դադարեցնելով ուղիղ եթերները:

Նա այժմ հանդես է գալիս հեռակա հարցազրույցներով, սակայն ոչ բոլոր լրատվամիջոցների հարցերին է պատասխանում: Մեկ այլ հանգամանք եւս. հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին:

Մասնավորապես, երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը:

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»: Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս