«Բացի իրանցի վարորդներից, մենք դեպք չենք ունեցել, որ հայերը երթևեկեն». Ռուստամ Բադասյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում որոշ տեղեկություններ տվեց Գորիս-Կապան ճանապարհահատվածում թշնամու տեղադրած մաքսակետերում գոյություն ունեցող շարժի մասին:
«Բացի իրանցի վարորդներից, մենք դեպք չենք ունեցել, որ հայերը երթևեկեն»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Նա վստահեցրեց, որ իրանցի վարորդները, որոնք այսօր երթևեկում են այլընտրանքային՝ Կապան-Աղվանի ճանապարհով, չեն նախընտրի երթևեկել Գորիս-Կապան ճանապարհով, որտեղ տեղակայված են թշնամու մաքսակետերը:
«Մեր այլընտրանքային ճանապարհն ունի ճիշտ այն խնդիրները, որոնք ուներ Գորիս-Կապան ճանապարհը: Ինքս երեք անգամ երթևեկել եմ այդ ճանապարհով և երեք անգամ համոզվել եմ, որ բեռնատարներն անցնում են, և, ընդ որում, ամենամեծ ծավալ ունեցող բեռնատարները: Տարածքային կառավարման նախարարությունը խոսում է նաև նոր ճանապարհի մասին, որը կմիանա, և առհասարակ այդ ոլորանները կշրջանցվեն միանգամից Լծեն գյուղի մոտ:
Իրանցի իմ գործընկերոջ հետ մենք խոսել ենք հայ-իրանական հարաբերությունների մաքսային հսկողության խնդիրների վերաբերյալ»,- հավելեց ՊԵԿ նախագահը:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այլընտրանքային ճանապարհի արդյունքում հայկական կողմն իրանական որևէ մեքենա չի կորցրել:
«Մենք կորցրել ենք զրո մեքենա, որովհետև բոլոր մեքենաները մուտք են գործում ՀՀ տարածք Մեղրիի անցակետով՝ Ագարակում, մենք որևէ վճարի պակաս չենք ունենում»,- շեշտեց Ռ. Բադասյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում