«Չավուշօղլուի վրա խա՞չ է քաշվել». թուրք խմբագիր
Թուրքական «BirGün» թերթի խմբագիր Իբրահիմ Վարլըն տեսակետ է հայտնել այն մասին, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը ցանկանում է փոխել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Չավուշօղլուի վրա խա՞չ է քաշվել» վերնագրով հոդվածում Վարլըն իր պնդումը հիմնավորում է տարբեր հանգամանքներով: Ըստ նրա՝ ներկայում Չավուշօղլուին դրդում են հրաժարականի։ Այդ մասին են վկայում ԱԳՆ-ում արդեն 1 տարի թափուր մնացած բարձր պաշտոններ: Նշվում է, որ այդ պաշտոնները հիմնականում վարվում են ժամանակվոր պաշտոնակատարների կողմից, իսկ Չավուշօղլուի առաջարկած թեկնածուները հավանություն չեն ստանում նախագահականից:
Ըստ հեղինակի՝ այս պատկերի հետևում կարող է կանգնած լինել Էրդողանի խոսնակ ու խորհրդական Իբրահիմ Քալընը, ով օգտագործում է իր ազդեցությունը ու արգելափակում նշանակումներն ԱԳՆ-ում:
Ըստ նույն խոսակցությունների՝ Քալընը, ով նախագահ Էրդողանի ամենամտերիմ շրջապատից է աչք ունի արտգործնախարարի պաշտոնի վրա ու Չավուշօղլուի հնարավոր հրաժարականից հետո կարող է նրա ամենահավանական փախարինողը լինել:
Բացի դրանից նշվում է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել, իսկ դրա համար, ըստ հեղինակի, որոշված է անցյալում հարաբերություններում առաջացած մի շարք կնճիռների համար պատասխանատու կարգել հենց Չավուշօղլուին: Իսկ Քալընը կարող է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ լավացնելու համատեքստում լավ ԱԳՆ-ի թեկնածու լինել, քանի որ համարվում է Թուրքիայի իշխանական թևում արևմտամետների կարկառուն ներկայացուցիչներից մեկը: