Բաժիններ՝

Ղազախստանը բախվել է աննախադեպ մարտահրավերի. ՌԴ ԱԳՆ

Ղազախստանում բողոքի խաղաղ ցույցերից օգտվել են այն ուժերը, որոնք շահագրգռված են իշխանության բռնի նվաճմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ղազախստանը բախվել է իր պետականության, անվտանգության եւ ինքնիշխանության աննախադեպ մարտահրավերի»,-ասել է նա: Փոխնախարարի խոսքով՝ «սոցիալ-տնտեսական բնույթի խաղաղ ցույցերից օգտվել են այն ուժերը, որոնք շահագրգռված են իշխանության բռնի նվաճմամբ»: «Դրա համար նրանց հարկավոր է եղել ապակայունացնել ներքաղաքական իրադրությունը Ղազախստանի Հանրապետությունում»,-պարզաբանել է նա:

Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է եւ խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել:

Ի պատասխան իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել: ՄԱԿ-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի տվյալներով, Ղազախստանում վերքեր է ստացել շուրջ հազար մարդ:

Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով տուժել է 4579 մարդ, զոհվել՝ 225-ը, այդ թվում՝ 19 ուժային: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը: Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 13-ին հայտարարվել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն հաջողությամբ է ավարտվել. խաղաղապահներն սկսել են Ղազախստանից տուն վերադառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս