Նոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ 1. Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) որոշումը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ արդեն հարուցվել է քրեական գործ։
Փաստ 2. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Հիմա էլ հերթը հասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Դատախազի որոշումը գնահատում ենք անօրինական եւ չհիմնավորված»:
Իսկ Դատախազությունն էլ Կոմիտեին փորձում է իր տեղը ցույց տալ. «Նախաքննական մարմինն ունի պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու օբյեկտիվ քննություն»: Ասել է թե՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ ստորադաս մարմինը, այս դեպքում՝ Կոմիտեն, գնահատական է տալիս վերահսկող կամ վերադաս մարմնի գործողություններին: Սա չլսված բան է եւ ունի խորքային պատճառներ, որոնց առաջիկայում կանդրադառնանք»: