Գինցբուրգը «օմիկրոնի» դեմ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը գնահատել է 75 տոկոս
«Օմիկրոնի» դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է շուրջ 75 տոկոս: Այդ մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Համընդհանուր պոպուլյացիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը, պաշտպանունակությունը «օմիկրոնի» նկատմամբ կազմում է75 տոկոս»,-ասել է նա՝ հանդես գալով Վերատադրողական բժշկությանը նվիրված 16-րդ միջազգային կոնգրեսում, որ տեղի է ունեցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում: Նա նշել է, որ վեց ամիս հետո «Սպուտնիկ Լայթով» վերապատվաստվելու դեպքում «օմիկրոնի» դեմ պաշտպանությունը կազմում է 100 տոկոս, իսկ եթե մարդիկ չեն վերապատվաստվել, բայց «Սպուտնիկ V» են ներարկվել 6-12 ամիս առաջ, պաշտպանությունը մոտավորապես 56-57 տոկոս է:
Պատվաստումը մնում է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը: Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում պատվաստում ստացածների բաժինը կազմում է 0,03 տոկոսից պակաս մասը, իսկ ստացիոնարներում հիվանդների ճնշող մեծամասնությունը չպատվաստված անձինք են: Այսօրվա դրությամբ երկու չափաբաժիններն ամբողջությամբ ստացել է 76 միլիոն 520 հազար 849 ռուսաստանցի: Կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կազմում է 63,7 տոկոս: Ինչպես ավելի վաղ հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է երկրում հասնել կոլեկտիվ իմունիտետի 80 կամ ավելի բարձր տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: