«Իշխանությունը կա՛մ չի գնահատել նոր սպառնալիքները, կա՛մ, որ շատ ավելի հավանական է՝ գիտակցաբար գնում է նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ռազմավարական առումով ի՞նչ իրավիճակ կստեղծվի Սյունիքում, եթե երկուստեք զորքերը հայելային հետ քաշվեն, որի մասին գաղափարը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում ՀՀ իշխանությունը, նշեց, որ, օրինակ, Տեղ համայնքը և հարակից գյուղերը, հատվածներ կան, որ եթե հայկական կողմը 3 կմ հետ քաշվի նաև մեր բնակավայրերից, ադրբեջանցիները կհայտնվեն հայկական բնակավայրերում, ավելին, հայկական կողմը հետ կքաշվի նաև մեր կոմունիկացիաներից:
«Մենք տեսել ենք, որ այս ընթացքում ադրբեջանական զորքերը տարբեր օպերացիաների, հարձակումների և տարբեր ագրեսիաների արդյունքում անարգել ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածքում: Պատկերացրեք, այս իրավիճակում մենք պայմանական ևս 3 կմ հետ քաշվենք ու հետ քաշվենք բազմաթիվ կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ, իսկ ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Այսինքն՝ մինչև ո՞ւր ենք հետ քաշվում: Իրականության մեջ սա որևէ տրամաբանություն չունի, իշխանությունը ջանքեր է գործադրում ցույց տալու, թե իրավիճակը շտկում է, բայց իրականում մեզ գլորում է շատ ավելի վատ վիճակի մեջ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, պատերազմից հետո սահմանն անցնում է այնպիսի բնագծերով, որտեղ մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում: Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրելուց և Քարվաճառը, Քաշաթաղը հանձնելուց հետո սահմանամերձ բնակավայրերի կարգավիճակ են ստացել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք գյուղեր:
«Այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է մեզ համար ամենաթանկ արժեք համարվող հողի մասով, այլև խնդիր է նաև ռազմավարական ու ռազմական տեսանկյունից: Այսինքն՝ ստացվում է, որ այս իշխանությունը կամ չի գնահատել ՀՀ-ի համար նոր սպառնալիքները, կամ, որ շատ ավելի հավանական է՝ գիտակցաբար գնում է նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում