Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը լավ լուր է հայտնել: Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։ Այս մասին նախկին դեսպանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Հայաստանում իր առաքելության չորս տարում Լաքոթը մեծ ջանքեր է գործադրել՝ «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ իրականացնելու այս նախագիծը։ Ինստիտուտը կտեղակայվի Կասկադի վերևում՝ «Ազնավուր» կենտրոնի հարևանությամբ։
«Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- նշել է Լաքոտը։
Ֆրանսիական ինստիտուտը զբաղվելու է կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմամբ։