Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի քառասուն ինքնաթիռ է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ՌԴ խաղաղապահների փոխադրել Մոսկվայի եւ Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի քառասուն ինքնաթիռ անցած օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Մոսկվայի եւ Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ է հասցրել Ղազախստանի Հանրապետությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օդակայաններում կազմակերպվել է խաղաղապահների հանդիսավոր հանդիպում օդադեսանտային զորքերի հրամանատարության եւ օդադեսանտային զորքերի Ուլյանովսկի միավորման մասնակցությամբ: Հանդիսավոր միտինգներից հետո խաղաղապահ դեսանտայիններն անցկացրել են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ունեցվածքի բեռնաթափում եւ երթեր կատարել մշտական տեղաբաշխման կետեր: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ:

Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է եւ խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել: Ի պատասխան իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը: Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 13-ին հայտարարվել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն հաջողությամբ է ավարտվել. խաղաղապահներն սկսել են Ղազախստանից տուն վերադառնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս