Մարզպետներին փոխելու պատճառը ՏԻՄ-ն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկն Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանով փոխարինելն էր։ Ընդամենը երկուսուկես ամիս պաշտոնավարելուց հետո Պետրոսյանի ազատումը մարզպետի պաշտոնից, ըստ որոշ տեղեկությունների, ՏԻՄ ընտրություններում ձախողումներով էր պայմանավորված:

Մասնավորապես՝ Ապարանում կրած խայտառակ պարտությամբ, իսկ Պետրոսյանն ապարանցի է եւ ժամանակին անգամ քաղաքապետ է եղել: Թալինում էլ, չնայած նրա գործադրած ջանքերին, Տավրոս Սափեյանն օդից կախված վիճակում է։

Տեղեկություններ կան, որ Թալինում էլ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն, եւ այժմ քննություն տալու հերթն այդ մարզից պատգամավոր ընտրված Մովսիսյանինն է լինելու։ Մինչ այդ, մարզպետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մովսիսյանը կադրային լայնածավալ փոփոխություններ է իրականացնելու, ավելին` արդեն մի քանիսին, այդ թվում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին, արդեն ազատել է պաշտոնից:

Ասացին, որ նրան կադրային հարցերում ուղղորդում է երբեմնի քոչարյանական, Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով վերընտրվեց եւ ամրապնդեց իր դիրքերը ՔՊ-ական շրջանակներում, չնայած ՀՀԿ-ի կադրն է եղել:

Վերջինս փորձում է իր մարդկանց նշանակել մարզպետարանում, ինչն արել է նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանի պաշտոնավարման ընթացքում։ Մինչդեռ Ռազմիկ Պետրոսյանը զերծ է մնացել կադրային ջարդից, ինչն էլ ՔՊ-ն համարում է նրա եւ իր ձախողման պատճառը»:

Տեսանյութեր

Լրահոս