
Բացահայտվել է բջջային օպերատորի ենթակայանից կատարված գողությունը

Հունվարի 15-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բջջային օպերատորի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքի ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը բացել և գողություն են արել:
Նույն օրը, ժամը 04.55-ին, ոստիկանության Մասիսի բաժին դիմած տղամարդը նշված գողության վերաբերյալ հաղորդում է տվել, որ ժամը 04.00-ի սահմաններում ենթակայանի պահեստարանից գողացել են 16 մարտկոց:
Մասիսի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 05.35-ին Ռանչպար գյուղից բաժին բերման է ենթարկվել չորս տղամարդ՝ փոխարինված համարանիշերով «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք խոստովանել են, որ գողությունն արել են իրենք: «Օպելի» զննությամբ գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է քննություն։