«Ով էր Նիկոլ Փաշինյանը մինչև ՀԱԿ-ով պատգամավոր դառնալը՝ ընդամենը լրագրող, որին քչերն էին ճանաչում». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

Պատգամավորը հիշեցրեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն այն մարդն է, որը 2008 թվականի մարտի 1-ին խտրականություն չէր դնում միջոցների մեջ։

«Նա այսօրվա ընդդիմությանը մեղադրում է  խտրականություն չդնելու մեջ։ Հիշեցնեմ, 1992 թվականի հունիսին նա Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բյուրոյի այն ժամանակվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին։ Դաշնակցության դիրքորոշումը ձևավորվեց ու արտահայտվեց 1992 թվականին, որ մենք երբեք Հայաստանի անդորրը և քաղաքացիական անդորրը չենք խաթարի կուսակցական շահերից ելնելով։ Այսինքն՝ մենք ցույց տվեցինք, որ որքան էլ մենք համաձայն չենք Լևոն Տեր-Պետրոսյանի այդ օրվա որոշման հետ, երբեք Հայաստանը ցնցումների չենք տանի, որովհետև մենք ունեինք Արցախի պատերազմ։ Մենք ցույց ենք տվել, որ ի տարբերություն իրեն, երբեք երկրի անվտանգությունը կուսակցական շահերին չենք ստորադասի»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ 2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի թեկնածու էր, այցելել էր ՀՅԴ ԳՄ և հանդիպել կուսակցության ներկայացուցիչների հետ։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այստեղ ծագում է գաղափարական վեճի խնդիր, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1990 թվականին, երբ ընդունում էր ՀՀ անկախության հռչակագիրը, դեմ էր, որպեսզի ներկայիս հանրապետությունը սահմանվեր որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, կամ, որ Հայոց ցեղասպանության հարցը հիշատակվեր անկախության հռչակագրում։

«Սա պետության մոդելի խնդիրն էր, սկզբունքային տարբերություն կա՝ մենք ինչպես ենք տեսնում պետությունը, նա ինչպես է տեսնում։ Մեզ համար՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստան, իր համար՝ մոռանանք ամեն ինչ, ինչ ունենք-չունենք, դրանով գլուխներս մի կերպ պահենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իրեն վեր դասել ՀՀ քաղաքական համակարգից, բայց չմոռանանք, որ քաղաքական համակարգը՝ իր բոլոր թերություններով, հիմնադիրը հենց Լ. Տեր-Պետրոսյանն է։ Այն ուժը, որն այսօր գտնվում է իշխանության, նույնպես ստեղծվեց իր բարձր հովանու ներքո։ Չմոռանանք, թե ով էր Նիկոլ Փաշինյանը մինչև ՀԱԿ-ով պատգամավոր դառնալը, ընդամենը լրագրող, որին քչերն էին ճանաչում»,- շեշտեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս