
Հայր և որդի Ղարայանները հետմահու արժանացել են պետական պարգևների

Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Այսօր` հունվարի 17-ին, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը պետական պարգևներն անձամբ է հանձնել որդեկորույս մայրեր Նուշիկ և Վեներա Ղարայաններին։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունից։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը, զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում։ Գարեգինն ավագ որդու հետ պատերազմ էր մեկնել կամավոր։ Կրտսեր որդին՝ Դավիթը, ժամկետային էր, ով իր վաշտի անձնակազմի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում և հետմահու արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։