Բաժիններ՝

Էլեկտրոնային կդառնան նաև ատեստատները. Թղթային տարբերակը կփոխարինեն QR կոդերով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն՝ տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։ Այս մասին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- գրել է նա։

Փոփոխությունը նախատեսվում է իրականացնել կառավարության համապատասխան որոշմամբ, որի նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման մինչև 2022թ․ հունվարի 29-ը, որից հետո, թերևս, կներկայացվի կառավարության հաստատմանը։

Նախագծում նշվում է, որ ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները:

Քաղաքացիներից շատերին այս որոշումն այնքան էլ չի ոգևորել, ասում են՝ սխալ որոշում է:

Սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ նրանցից շատերը նշել են, որ աշխատանքային գրքույկներն էլ են թվայնացվում, սակայն աշխատանքի ընդունվելու դեպքում շարունակում են գրքույկ պահանջել: Ուստի, երևի թե կոդի հետ միասին նաև թղթային տարբերակը տան:

Շատերին էլ հետաքրքրում էր, թե հեռախոսը կորցնելու դեպքում կոդն ինչպե՞ս է ցույց տալու:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, այլ կարծիք ունի:

«Սա նորմալ է, ամեն ինչ թվայնացվում է: Երբ գնում ես պատվաստվելու՝ կոդ են տալիս, և դա գործը հեշտացնում է, էլ թղթերն անընդհատ մոտդ չես պահում, երբ անհրաժեշտ է լինում՝ QR կոդը ցույց ես տալիս: Մենք հիմա արդեն էլեկտրոնային մատյաններ ունենք: Ֆիքսում ենք նաև երեխաների տեղաշարժը, թե որ դպրոցից որ մեկը գնացին: Այս տրամաբանության մեջ նորմալ է, որ արդեն էլեկտրոնային է դառնում, որևէ խնդիր չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային մատյանների հետ կապված դժգոհություններին՝ կրթության փորձագետը նշեց, որ հիմնականում դժգոհում են տեխնիկական խնդիրներից:

«Էլեկտրոնային մատյանը նորմալ բան է: Կարող է ծնողը մտնել, նայել երեխայի թվանշանները: Այն նաև նվազեցնում է թվանշաններ փոխելու հավանականությունը»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս