«Նորմալ է, որ Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպման հետ կապված շատ տեղեկատվություն չկա». Հակոբ Արշակյան
Այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից պարզել, թե ինչ են Մոսկվայում քննարկել Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, որի հիմքով հանդիպումը կառուցողական են համարում:
Ընդդիմադիրների հարցերը Ռուբեն Ռուբինյանին հունից հանեցին, նա նույնիսկ փորձեց ԱԺ ամբիոնից իջնել դահլիճ և բոլորին «դաս» տալ, սակայն նրան վերադարձրեցին ԱԺ նախագահություն:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել, նշելով, որ խնդիրն ընդդիմադիր գործիչներն են, որոնք, ինչպես միշտ, առաջ են բերում այնպիսի թեզեր, որոնք վերաբերում են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը հարցականի տակ դնելուն:
«Նրանք այդ վարած քաղաքականությունը դնում են այնպիսի ուղեծրի մեջ, իբր թե մենք՝ ՀՀ օրինական և լեգիտիմ ընտրված իշխանությունը, չի բխեցնում իր վարմունքներն ու արարքներն ի շահ Հայաստանի: Նման դրսևորում եղավ այսօր, երբ փաստացի Հայաստանի անունից Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանի անունը փորձեցին շահարկել և նրան անվանել իբր թե Թուրքիայի գործակալ: Դրան ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը բավականին կոշտ արձագանքեց, և ըստ էության իմ ելույթը, որի ժամանակ այդ սուր իրավիճակի կուլմինացիան եղավ, խոսում էի այն մասին, որ չպետք է ամեն ինչ տանել այն տրամաբանությամբ, որ որևէ պաշտոնյայի, անձի դարձնել որևէ երկրի ազդեցության գործակալ, եթե նա այդ երկրում ինչ-որ ժամանակ եղել է»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Նա նաև ասաց, թե իր ելույթի ընթացքում ԱԺ դահլիճից հնչել է վիրավորական արտահայտություններ, ուղիղ վիրավորանք իր հասցեին:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում սահմանների լարվածությանը, Հակոբ Արշակյանն ասաց, որ Հայաստանի անակախությունից ի վեր սահմանները լարված են եղել:
«Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որը մենք առաջ ենք տանում, դրա համար մեր ժողովրդից քվե ենք ստացել: Միտված է նրան, որպեսզի կարողանանք սահմանների և Հայաստանի անվտանգությունն օր առաջ ապահովել, որպեսզի խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն, և Հայաստանը չհայտնվի պատերազմների մեջ: Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի բանակցություններին, դրա մասին այսօր ԱԺ-ում անդրադարձել է այդ հանդիպմանը, և նորմալ է, որ Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպման հետ կապված շատ տեղեկատվություն չկա»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ ինչպես ՀՀ բոլոր իշխանությունների, այնպես էլ իրենց իշխանությունն ասել է, որ թուրքերի հետ բանակցում են՝ առանց նախապայմանների հասնելու նորմալ դիվանագիտական հարաբերությունների:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում