Պորոշենկոն ժամանել է դատարան, որտեղ քննության է առնվելու նրա խափանման միջոցի ընտրության մասին միջնորդությունը
Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն ժամանել է Կիեւի Պեչերյան շրջանային դատարան, որտեղ քննության է առնվելու պետական դավաճանության գործով նրա խափանման միջոցի ընտրության միջնորդությունը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Պորոշենկոն հունվարի 17-ին Վարշավայից ժամանել է Ուկրաինա. «Կիեւ» օդանավակայանում ստուգում անցնելիս, քաղաքական գործչի խոսքով, փորձել են իրեն թույլ չտալ մուտք գործել երկիր, վերցրել են անձնագիրը՝ ստուգում անցկացնելու պատրվակով: Ավելի ուշ վերադարձրել են փաստաթուղթը, եւ նա անցել է պետական սահմանը: Պորոշենկոն դատարան է ժամանել իր տիկնոջ հետ: Նիստից առաջ նա հանրահավաքում հանդես է եկել իր կողմնակիցների առջեւ եւ մտել դատական նիստերի դահլիճ:
2021 թվականի դեկտեմբերի տասնյոթին Պորոշենկոն, որը կասկածյալ է պետական դավաճանության գործով, լքել է երկիրը եւ ուղեւորվել դիվանագիտական շրջագայության, որի ընթացքում այցեր էին պլանավորվել Թուրքիա եւ Լեհաստան: Ավելի ուշ նա խոստացել է հայրենիք վերադառնալ:
Պորոշենկոյի պաշտանությունը եւ կողմնակիցները քանիցս հայտարարել են, որ նախկին նախագահի արտասահմանյան այցը եղել է կանխապես պլանավորված: Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դատախազությունը դատարանին կմիջնորդի՝ Պորոշենկոյին ձերբակալել պետական դավաճանության գործով՝ մոտավորապես 37 միլիոն դոլար գրավի վճարման հնարավորությամբ:
Նախկին նախագահի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դա համարում է քաղաքական ճնշումներ: Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ Կիեւի Պեչերյան շրջանային դատարանը թույլատրել է ձերբակալել Պորոշենկոյին՝ նրան դատարան բերելու եւ խափանման միջոց ընտրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: