Դատարանը պարտավորեցրեց Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում կրվել է. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական գործարար-պատգամավոր Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը;

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ։

Արդյունքում, դատարանը պարտավորեցրեց հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ այն պարունակում է իր մեջ կոնկրետ, հստակ տեղեկություններ՝ որոշակի գործողությունների վերաբերյալ, վերացական չէ։

Գործի լուծման համար նշանակություն ունի նաև փաստը, որ տվյալ փաստացի տվյալն իրականում արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ինչը ևս պետք է ապացուցի հայցվոր կողմը։

Բացի այդ՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայցվել են հրապաևակային ձևով։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում է իրականությանը։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 18-ը, ժամը՝ 16։00-ն։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։

Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։

Տեսանյութեր

Լրահոս