COVID-19. Թեստավորման դրական պատասխան ունեցողների մեծ մասը պատվաստված չէ
Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցող անձանց մեծ մասը պատվաստված չէ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց, հունվարի 16-ի դրությամբ 4 420 դրական թեստավորվածների 84,1%-ը պատվաստված չէ:
Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա 654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ: Նախարարության տվյալներով 26 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 92,3%-ը ևս պատվաստված չէ:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: