«Եթե Գրիգորի Հայրապետովն ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ կկարողանար մի փոքր օգուտ տար Հայաստանին, հավատացեք, նա բարձրաձայնած կլիներ». Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ Միացյալ Նահագներ կատարելիք այցից հրաժարվելուն, նշելով, որ դրա վերաբերյալ մանրամասներ արդեն ներկայացրել են:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցչի հետ ճանապարհ գնալուն, Արթուր Վանեցյանը նկատեց. «Ես իշխանության հետ չեմ ճանապարհ գնում, ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պատասխանատվություն իր ընտրողի առջև: Կարծում եմ՝ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում: «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների դիրքորոշումը՝ բոյկոտել միջազգային կառույցներում իրենց պատգամավորների աշխատանքը, մինչև սահմանափակումները չվերացնեն՝ ես պաշտպանում եմ: Սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը, և կարծում եմ՝ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործել, որպեսզի ներկայացնենք այս իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնասում են ժողովրդավարությանը, պառլամենտական մշակույթին»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի՝ շատ դեպքերում հասարակության մոտ կա տարածված մի մոտեցում, թե ինչու էին այն ժամանակ միջազգային կառույցներն օբյեկտիվ պատճառով խոսում ինչ-ինչ տեղի ունեցող գործողությունների մասին, իսկ այսօր կարծես թե համատարած լռություն է:
«Այս ամենի մասին պետք է ընդդիմությունը խոսի, բարձրաձայնի, կարծում եմ՝ մենք պետք է չհրաժարվենք միջազգային ատյաններում մեր պարտականությունները կատարելուց»,- հավելեց նա:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վերելակային հանդիպման միակ վկայի՝ Գրիգորի Հայրապետովի մահվանը և հարցին՝ նա որևէ տեղեկատվություն իրեն փոխանցե՞լ է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գրիգորի Հայրապետովն իմ ընկերն էր, ցավալի դեպք տեղի ունեցավ: Եթե նա ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տար Հայաստանին, հավատացեք, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերելակային հանդիպմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ տեխնիկական առումով վերելակային բանակցությունները մի քանի վայրկյանի հարց է:
«Դուք այլ բաների մեջ տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կիրթ ու կառուցողական մարդ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու համար: Ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ՀՀ սուվերեն տարածք ներխուժում են ադրբեջանական զորքեր, մեր զինվորականները գերեվարվում են, զոհվում են, իսկ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը որևէ կերպ չեն մեղադրում Ադրբեջանի իշխանություններին: Հասկանո՞ւմ եք, թե մենք ուր ենք հասել: Վերելակային բանակցություններն այս համատեքստում տեսեք»,-շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում