Նազարբաևի փեսան վայր է դրել ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի լիազորությունները
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր՝ Դինարայի ամուսինը՝ Տիմուր Կուլիբաեւը, հայտարարել է «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի լիազորությունները վայր գնելու մասին:
Այդ մասին ասվում է պալատի կայքում զետեղված նրա հայտարարության մեջ:
«Այսօրվանից ես որոշել եմ վայր դնել «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության ընտրված նախագահի իմ լիազորությունները»,-ասել է նա: Հայտարարության մեջ Կուլիբաեւը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ ամփոփել աշխատանքի արդյունքները:
Իր հրաժարականի պատճառը նա չի պարզաբանել: Կուլիբաեւը եւ նրա կինը երկրի խոշորագույն բանկի՝ Ղազախստանի ժողովրդական բանկի սեփականատերերն են: Հունվարի 15-ին «Սամռուկ-Կազինա» ազգային բարեգործական հիմնադրամը հաղորդել էր «Ղազտրանսսոյլ» ընկերության ղեկավար Դիմաշ Դոսանովի եւ “QazaqGaz” ազգային բաժնետիրական ընկերության» (նախկին անվանումը՝ «ՂազՏրանսԳազ») ղեկավար Կայրաթ Շարիպբաեւի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
Առաջինը Նազարբաեւի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է, իսկ երկրորդին Ղազախստանի ԶԼՄ-ները համարում են ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի ամուսինը:
Ալիա Նազարբաեւան հունվարի 13-ին Facebook-ում եւ Instagram-ում հաղորդագրություն էր զետեղել, որում հայտարարել է որ ծանր է տանում երկրում կատարվող իրադարձությունները եւ շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին՝ իր հոր նկատմամբ ցուցաբերված աջակցության համար: Ինչպես ուշադրություն են դարձրել ինտերնետ-օգտատերերը, Instagram-ը պարզել է, որ օգտահաշվի տերը գտնվում է ԱՄԷ-ում:
Դրանից հետո օգտահաշիվները դադարել են հասանելի լինել: Դարիգա Նազարբաեւան ներկա չի գտնվել խորհրդարանի հունվարի 12-ի նիստին: Պալատի մամուլի ծառայությունը ճշտել է, որ Նազարբաեւան հիվանդ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: