Opel-ը Եղեգնավան գյուղում հայտնվել է «Կախանովի» ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տան մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 68-ամյա Գարուշ Ս.-ն, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում:
Վթարի հետևանքով ուղևորներ, 66-ամյա Սամվել Ս.-ն, 68-ամյա Ռազմիկ Մ.-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների կողմից նա տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների և Արարատի ոստիկանության բաժնի ծառայողների հետ ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան և վարորդ Գարուշ Ս.-ին: Բժիշկները արձանագրել են վերջինիս մահը: