
Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահներով 10 ինքնաթիռ

Ղազախստանից Չկալովսկի օդանավակայան է ժամանել ռուս դեսանտայիններով տասնմեկերորդ չվերթը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի տասը Իլ-76 ինքնաթիռ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների հետ Ղազախստանից ժամանել է մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, Ալմաթիի օդանավակայանից օդ է բարձրացել 19 ինքնաթիռ։ Երբ նրանցից վերջինը վայրէջք կատարի, օդադեսանտային ուժերի հրամանատարության մասնակցությամբ օդանավակայանում կանցկացվի խաղաղապահների հանդիպում:
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար» օգնության համար այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ են սկսվել հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականներ։ Նրանց էր վստահվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։ Հինգշաբթի՝ հունվարի 13-ին, առաքելությունը հայտարարվել է ավարտված։