Բաժիններ՝

Վաղարշապատի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել. կան կալանավորվածներ

Նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծաղկունք գյուղի մթերային խանութում հանցագործություն է կատարվել։ Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել ոգելից խմիչք, ծխախոտ, դրամարկղից՝ փող և խանութում տեղադրված վճարային տերմինալը:

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:

Նույն օրը տերմինալը հայտնաբերվեց Արշալույս գյուղի դաշտամիջյան ճանապարհին՝ վնասված:

Բաժնի քրեական հետախույզները միջոցառումներ էին ձեռնարկում գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, երբ դեկտեմբրի 19-ին, լույսը դեռ չբացված, նոր հաղորդում ստացվեց. Ծաղկունք գյուղի նույն խանութից փորձել էին գողություն անել։ Այս անգամ վնասել էին վճարային տերմինալը, բայց ինչ-ինչ պատճառներով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել ու փախել էին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան։ Պարզվեց, որ խանութ մտած անձինք «Մերսեդես»- ով են եղել, որի վրա տեղադրված էին Էջմիածնի բնակիչներից մեկի «Օպել» մակնիշի մեքենայից գողացված համարանիշերը։

Հաջորդ իրողությունը, որ պարզեցին Վաղարշապատի քրեական հետախույզները, կասկածվողների ինքնությունն էր։ Նախնական տվյալներով՝ հանցագործությունները հնարավոր է կատարած լինեին

27 և 30 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Վարդենիսի բնակիչ։ Հունվարի 5-ին նրանք մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեցին քննչական մարմնին ու ձերբակալվեցին:

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բացի վերը նշված հանցագործություններից, համարանիշերի և վճարային տերմինալի գողություն էին արել նաև Արթիկ քաղաքում։ Նրանք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս