«Գարիկ Սարգսյանին այս պաշտոնում նշանակել են, որ պետական լծակներն օգտագործի իր ընտրվելու համար, բայց ինքը չի որոշելու»․ Սպարտակ Թարթիկյան
«Արարատի մարզի բոլոր համայնքների ղեկավարները, որոնք «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու ցուցակում են եղել, հիմա ոչ մեկը համայնքի ղեկավար չէ, մեր բոլորի կողմնակիցներին փոխել են»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Սիսավան համայնքի ղեկավար, դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում առավել ձայներ հավաքած «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Թարթիկյանը: Նա անդրադարձավ նաև բոլորովին վերջերս Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանի կայացրած որոշումներին, որոնցով Սարգսյանը պաշտոնանկ է արել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։
«Շաղափն էլ, Լուսաշողն էլ, Ուրցաձորն էլ, Եղեգնավանն էլ, Գոռավանն էլ, Այգավանն էլ, բոլոր այս համայնքների ղեկավարներն էլ մեր կողմնակիցներն էին, բայց հիմա բոլորի փոխարեն պաշտոնակատարներ են նշանակել, իսկ թե հիմա ընդունում-հանձնում արել են՝ չգիտեմ։ Գարիկ Սարգսյանին այս պաշտոնում նշանակել են, որ պետական լծակներն օգտագործի իր ընտրվելու համար, բայց դե ընտրվելը ինքը չի որոշելու, կամ ես չեմ որոշելու, ժողովուրդն է որոշելու։ Մարտի 27-ին ժողովուրդը ցույց կտա․․․»,- ասաց Սպարտակ Թարթիկյանը։
Հիշեցնենք, որ Վեդու համայնքապետարանի կայքէջում հրապարակված որոշումների համաձայն՝ Գարիկ Սարգսյանն Այգավանի վարչական ղեկավար է նշանակել Արամ Դերենիկի Շիրինյանին, Գոռավանում՝ Դավիթ Սամվելի Ավետիսյանին, Գինեվետում՝ Միսակ Վանուշի Սանթոսյանին, Դաշտաքարում՝ Նորիկ Արսենի Մալխասյանին, Եղեգնավանում՝ Դավիթ Ռուբենի Մեհրաբյանին, Լուսաշողում՝ Արսեն Սամվելի Ալեքսանյանին, Լանջանիստում՝ Վահագն Ռազմիկի Միրզոյանին, Նոր Կյանքում՝ Արամ Կամոյի Արտաշյանին, Նոր Ուղիում՝ Սևակ Հայրապետի Առաքելյանին, Շաղափում՝ Մարո Սոսի Առաքելյանին, Ոսկետափում՝ Սարգիս Հրանտի Աբրահամյանին, Սիսավանում՝ Արտավազդ Սարիբեկի Ղարիբյանին, Վանաշենում՝ Գոռ Սոսի Խաչատրյանին, Տափերականում՝ Կարեն Վարազդատի Խաչատրյանին, Ուրցաձորում՝ Նուշիկ Ներսեսի Մարտիրոսյանին, Փոքր Վեդիում՝ Կարեն Սամվելի Ստեփանյանին։
Հատկանշական է, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում ընդգրկված Լուսառատ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սիրանուշ Ֆարֆարյանին փոխարինող չի եղել, նա մնացել է նույն պաշտնում։
168.am-ը փորձեց կապ հաստատել Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։
Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն ընտրել համայնքապետին՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին. ընտրությունները կկայանան մարտի 27-ին։