«Նա մշտապես ցանկացել է գնալ իր տուն». Մետաքսե Հակոբյանը՝ Բերձորում ՀՀ քաղաքացուն առևանգելու մասին
Այսօր տելեգրամյան տարբեր ալիքներ գրեցին, որ ադրբեջանցիները Բերձորի շրջանում առևանգել են ՀՀ քաղաքացի, 1953 թվականին ծնված Անդրանիկ Ալեքսանյանին։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ քաղաքացին չի կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ իր տունը մնացել է Ադրբեջանի օկուպացիայի տակ, և անընդհատ փորձել է գնալ իր տուն։
«Նա մշտապես ցանկացել է գնալ իր տուն, այդպիսի խնդիր կա, այս պահին չենք կարող ասել՝ նրան առևանգե՞լ են, թե՞ պարզապես մարդն ինքնակամ է գնացել։ Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը շատ են լինելու, որովհետև բոլորն են ուզում վերադառնալ ու տեսնել իրենց տունը։ Քաղաքացուն վերադարձնելու հետ կապված քայլեր են ձեռնարկվում։ Կարծում եմ՝ առանց որևէ խնդրի ռուս խաղաղապահները կկարողանան մեր քաղաքացուն վերադարձնել, սպասենք»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին նաև Սյունիքի մարզի տեղ համայնքի հովվին և նրա 300 ոչխարները, հայ սահմանապահների և ռուս խաղաղապահների տարած աշխատանքի արդյունքում հաջողվել էր հովվին վերադարձնել, սակայն 300 ոչխարները շարունակում են մնալ ադրբեջանական կողմում։