Բաժիններ՝

Ավստրալիայում գրանցել են ամենաբարձր ջերմաստիճանը 62 տարվա ընթացքում

Ավստրալացի օդերեւութաբանները գրանցել են մայր ցամաքում ամենաբարձր ջերմաստիճանը վերջին 62 տարվա ընթացքում՝ Ցելսիուսի 50,7 աստիճան: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ավստրալիայի օդերեւութաբնական ծառայությունը։

Հունվարի 13-ին ջերմաստիճանն այդքան բարձրացել է մայր ցամաքի արեւմուտքում՝ Փիլբարայի տարածաշրջանում: Շրջանը հայտնի է իր շոգ եւ չոր կլիմայով, սակայն տարվա այս ժամանակ ջերմաստիճանն այնտեղ սովորաբար չի գերազանցում Ցելսիուսի 30 աստիճանը: ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով՝ վերջին տասնամյակը դարձել է ամենաշոգն օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:

Նշվում է, որ հիմնականում դրա պատճառը ջերմոցային գազերի արտանետումներն են, որոնք առաջանում են վառելիքի հանածո տեսակների արդյունահանման եւ օգտագործման ժամանակ: Ավստրալիայի ածխի արդյունաբերությունն այն դարձրել է մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետման խոշորագույն աղբյուրներից մեկն աշխարհում: Սակայն երկրի կառավարությունը մտադիր չէ հրաժարվել ածխի արդյունահանումից, քանի որ դա կհանգեցնի աշխատատեղերի զանգվածային կորստի եւ, որպես հետեւանք՝ սոցիալ-տնտեսական խնդիրների խորացման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս