Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Հարավային Կովկասում թշնամական գործողությունների դադարեցումը և տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բացելու է հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին ասել է իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հարավային Կովկասի հարցերին նվիրված «3+3» խորհրդակցական ձևաչափի մասին:

Լավրովը ընդգծել է, որ Վրաստանի միացումը «3+3»-ին չի պարտավորեցնելու Թբիլիսիին փոխել իր քաղաքական դիրքորոշումները:

«Մենք կարող ենք պայմանավորվել, որ այդ ձևաչափի շրջանակներում քննարկում ենք բացառապես այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին», – ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե քանի որ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսիի հետ, այդ պատճառով շատ հնարավորություններ չունի բացատրելու վրացական կողմին փոխգործակցության նշված ձևաչափի առավելությունները: Այդ պատճառով Ռուսաստանը այդ հարցով դիմել է հայ, թուրք և ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի նրանք վրացի հարևաններին փոխանցեն այդ միտքը:

Լավրովի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում առանց նախապայմանների «3+3»-ին միանալը:

Տեսանյութեր

Լրահոս