«Սիրահարված էր կյանքին ու երազում էր ընտանիք կազմելու մասին․․․»
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զենք բռնեցին բազում քաջորդիներ և անմահացան հանուն այդ հայրենիքի: Նրանցից է կապիտան Ռաֆայել Հակոբյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆայելի ընտրյալը՝ Անգելինան, ում հետ հերոսը պիտի անցներ իր կյանքի ճանապարհը, անսահման կարոտով ու հպարտությամբ է խոսում նրա մասին: «Ռաֆայելը ծնվել է 1995թվականի մայիսի 7-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2009թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարան։ 2012թ․-ին արդեն Ռուսաստանի Դաշնության Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Պենզայի մասնաճյուղի ուսանող էր։ 2016թ․-ից ուսանել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» բաժնում։ ԱՀ ՊԲ շարքերում անցել է պարտադիր զինվորական ծառայություն։ 2019թ․ արդեն կապիտան Ռաֆայելը տեղափոխվել է Արցախի կենտրոնական պաշտպանական շրջան` որպես վաշտի հրամանատար: Նույն թվականի հունիսի 18-ին մենք նշանվեցինք»,- պատմել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ռաֆայելը չափազանց զուսպ էր, հավասարակշռված, նվիրված ու մեծահոգի։ Երազկոտ էր և օգտագործում էր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը՝ սիրելիին երջանկացնելու և իր անչափ մեծ սերը արտահայտելու համար։
«Որտեղ լինում էր նա, այնտեղ տոն էր։ Աչքի էր ընկնում հումորի մեծ զգացումով, առատաձեռնությամբ, միշտ ջանում էր օգնել ուրիշներին, ցանկացած խնդրի համար լուծում էր գտնում։ Անչափ ընկերասեր էր, բարի, ժպտերես։ Սիրահարված էր կյանքին ու երազում էր ընտանիք կազմելու մասին», – անկեղծանում է Անգելինան։
Հերոսը պատերազմի առաջին իսկ օրվանից պաշտպանել է հայրենիքի սահմանները։ Թշնամու դեմ արիաբար մարտնչել է Հադրութում, Մարտունու պաշտպանական շրջանում: Ընկել է քաջաբար, պատերազմի վերջին օրը՝ զինադադարից ժամեր առաջ։ Հայրենիքը բարձր է գնահատել հերոս զավակի նվիրումը։ Արցախի նախագահի հրամանագրով` Ռաֆայել Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։