
ԱՄՆ-ը վճռականորեն կհակազդի Լատինական Ամերիկայում ՌԴ զորքերի տեղաբաշխման դեպքում

Լատինական Ամերիկայում ՌԴ ուժերի տեղաբաշխման դեպքում ԱՄՆ-ի արձագանքը լինելու է վճռական: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Այս թեման չի բարձրացվել (այս շաբաթ ՌԴ-ի հետ կոնսուլտացիաներում): Եթե այդպիսի տեղաբաշխում տեղի ունենա, ապա մենք վճռականորեն կհակազդենք»,-ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Կուբայում եւ Վենեսուելայում ուժերի հնարավոր տեղաշխման մասին ՌԴ-ի հայտարարությունը:
Ավելի վաղ հունվարի 13-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը չի բացառել, որ անվտանգության երաշխիքների շուրջ Արեւմուտքի հետ բանակցությունների ձախողման դեպքում կարող են ձեռնարկվել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ՌԴ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Կուբայում եւ Վենեսուելայում: «Ես չեմ ցանկանում ոչինչ ո՛չ հաստատել, (…) ո՛չ բացառել»,-ասել է նա RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորության մասին հարցին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: