Էրդողանն ընդդիմությանը կրկին մեղադրել է PKK-ի հետ կապեր ունենալու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ այս կամ այն կերպ կապված լինելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը խոսել է վերջերս սոցցանցերում շրջանառվող մի լուսանկարի մասին, որում միասին պատկերված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ – HDP) կին պատգամավոր Սերմա Գյուզելը և 2018-ին սպանված PKK-ի զինյալ Վոլքան Բորան:

«Ցավալի է, որ PKK-ի շարունակություն համարվող այս կինը խորհրդարանում է: Իհարկե, մենք այս խնդիրն անհապաղ ուղարկել ենք Խառը հանձնաժողով: Հանձնաժողովը կանի այն, ինչ հարկավոր է: Մենք չենք ցանկանում այդպիսիններին տեսնել խորհրդարանում»,- ասել է Էրդողանը ու քննադատել նաև խորհրդարանում ընդդիմադիր «Ազգ» դաշինքը կազմող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Լավ» (ԼԿ) կուսակցություններին՝ վերոհիշյալ դեպքը չդատապարտելու համար:

Ակնարկելով «Ազգ» դաշինքի՝ HDP-ի հետ ունեցած մտերմությունը, Էրդողանն ասել է. «Պարոն Քեմա՛լ, (CHP-ի առաջնորդը-խմբ.) ինչու՞ ես լռում: HDP, դու ինչու՞ ես լռում: Ոչինչ չեն ասել, բերաններից ոչինչ դուրս չի եկել, քանի որ իրենց օգտին չէ: Ինչևէ, նրանք ասեն, թե չասեն, մենք մեր գործը կանենք և մեր պատգամավորներն ու կուսակիցներն էլ այդ մասին կպատմեն մեր ժողովրդին, քանի որ նման ահաբեկիչներից կազմված խորհրդարանը չի կարող ժողովրդավարական լինել: Մենք պետք է ժողովրդավարություն հաստատենք այս խորհրդարանում»:

Նկատենք, որ 2023-ին սպասվող ընտրություններին ընդառաջ՝ Էրդողանն աստիճանաբար խստացնում է ընդդիմությանը հասցեագրած իր մեղադրական հռետորաբանությունը:

Տեսանյութեր

Լրահոս