«Հայաստանում 1 միլիոն հեկտարի չօգտագործված արոտավայր կա. պետք է ներդրումային գրավչություն առաջացնենք». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում hավանություն տվեց ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:  Առաջարկվում է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարել,  որպեզի ծրագրերն ավելի արդյունավետ դարձնեն։

Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս տարի շուրջ 10 փոփոխություն են առանձնացրել, նպատակը ծրագրերը  բարելավելն է․

«Նախորդ տարիներին  սահմանամերձ համայնքները և բարձր լեռնային համայնքները նույն տողում էին, հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել և Կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել։

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին: Հաշվի առնելով Կառավարության մտադրությունը՝ մեր համայնքներում, բնակավայրերում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու և այստեղ Կառավարության աջակցությունը մեծացնելու տոկոսադրույքները հստակ փոխվել են, մինիմում շեմը սահմանվել է 70%` անկախ բնակավայրի հեռավորությունից մայրաքաղաքից, և սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում մինչև 80% Կառավարության մասնակցությամբ»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը հայտնեց, որ կան նաև նոր ուղղություններ, որոնք վերաբերում են հեռագնա արոտներ գնացող ճանապարհների բարելավմանն ու գյուղերում գերարագ ինտերնետի հասանելիությանը.

«Նորից նպատակ ունենալով գյուղատնտեսությունը զարգացնել, հնարավորություն ենք տալիս, որ մեր համայնքները դիմեն և դեպի արոտավայրեր գնացող ճանապարհները բարեկարգեն։ Ամբողջովին նորից նոր ուղղություն կա՝ այս տարի ենք փորձում կիրառել, հաշվի առնելով, որ գյուղական մի շարք բնակավայրերում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն․․․

Սանոսյանը նաև ասաց, որ առաջարկվող նախագծում կա ևս մեկ նոր ուղղություն, այն վերաբերում է ապաստարանների կառուցմանը։ Նա նաև հավելեց, որ նախագծում մեկ կետ են ավելացրել, ըստ որի՝ ծրագրի ավարտից 1 տարի հետո ծրագրերը պետք է մշտադիտարկման ենթարկվեն, և եթե հայտնաբերվեն թերություններ, ապա պատժիչ միջոցներ կկիրառվեն՝ ընդհուպ մինչև գումարի հետգանձում, եթե ծրագիրը նպատակին չի ծառայել։

Նիկոլ Փաշինյանն էլ  անդրադարձավ առաջարկվող փոփոխություններին և հատկապես հեռագնա արոտներին.

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մեր հանրապետությունում 1 միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, բայց այդ արոտավայրերի 80%-ը չի օգտագործվում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է, և մենք հիմա խրախուսում ենք այս ծրագիրը, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ գալն ինքնարժեքի մեջ շատ մեծ բաղադրիչ չկազմի, և ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և թիրախավորում են սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու խատհարքները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս