Բաժիններ՝

Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը գերազանցել է 240 միլիոն դոլարը

Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը հունվարի 12-ի դրությամբ գերազանցել է 240 միլիոն դոլարը: Այդ մասին հաղորդել է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Ատամեկեն»-ը: Հունվարի 11-ին անկարգություններից վնասի գումարը երկրում կազմել է 220 միլիոն դոլար:

«Հունվարի 12-ի ժամը 09:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 07:00-ին) վնասը մոտավոր հաշվարկներով կազմել է ավելի քան 103,7 միլիարդ թենգե (Ալմաթիում 102,2 միլիարդ թենգե)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզվում է, որ 11 տարածաշրջաններում հայտնաբերվել է 615 բիզնեսի տուժած սուբյեկտ եւ 1885 օբյեկտ, որոնցից Ալմաթիում՝ 1506 սուբյեկտ եւ 1711 օբյեկտ:

«Բիզնեսի տուժած սուբյեկտների ճյուղերն են՝ առեւտուրը՝ 1482, հասարակական սնունդը՝ 44, ֆինանսական հատվածը՝ 61, լոգիստիկան՝ 23, ԶԼՄ-ները՝ հինգ»,-ճշտվում է հաղորդագրության մեջ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ:

Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է եւ խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել:

Ի պատասխան իշխանությունները մինչեւ հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր է ստացել շուրջ հազար մարդ:

Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով, զոհվել է 17 ղազախ ուժային, տուժել՝ ավելի քան 1,3 հազարը: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը:

Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»:

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով:

Արդեն հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմակայությունը, եւ խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դնի զենքը: Բացի այդ, նախագահը նշել է, որ քաղաքացիների բոլոր պահանջները , որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս