Բաժիններ՝

Առգրավված գույքը գնորդներ չունի. Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի արժեքը մոտ 2 մլրդ դրամով նվազել է, իսկ պահպանման համար ծախսվում են միլիոններ. pastinfo. am

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի արժեքը երկու տարվա ընթացքում գրեթե 2 միլիարդ դրամով նվազել է։

Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։ Շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, թե Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրել է պետությանը։ Դիմումը ներկայացվել է 2018թ.-ի նոյեմբերի 19-ին, որից շուրջ մեկ տարի անց միայն՝ 2019 թվականի սեպտեմբերին, Արմեն Ավետիսյանի հյուրանոցը փոխանցվեց պետությանը կառավարության որոշմամբ։

Գործադիրը որոշել էր այն նաեւ օտարել՝ աճուրդի միջոցով, սակայն այս երկու տարիների ընթացքում գնորդ չի հայտնաբերվել, իսկ գույքն էլ մաշվում է, գինը կորցնում։

«Փաստինֆո»-ն ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից փորձել է տեղեկանալ, թե վերջին անգամ երբ է հյուրանոցն աճուրդի հանվել, և որքան է նվազել հյուրանոցի արժեքը։

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ վերջին անգամ «Գոլդեն փելես» հյուրանոցը կառավարության որոշմամբ օտարման է ներկայացվել 2021թ.-ի դեկտեմբերի 16-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ հյուրանոցը գնահատվել է 5 908 050 000 դրամ։

Մինչ այդ հյուրանոցն աճուրդի է ներկայացվել 6 անգամ, որոնք անհաջողության են մատնվել, քանի որ հյուրանոցն ի վերջո չի օտարվել։ Առաջին անգամ այն աճուրդի է ներկայացվել 2019թ.-ի դեկտեմբերի 18-ին, որի ժամանակ հյուրանոցի մեկնարկային արժեքը գնահատվել է 7 526 457 800 դրամ։

Այնուհետև հյուրանոցը երկրորդ անգամ աճուրդի է ներկայացվել 2020թ.-ի փետրվարի 21-ին, որի ժամանակ մեկնարկային գինը կազմել է 7 150 134 910 դրամ, 2020թ.-ի հոկտեմբերի 23-ին աճուրդի է ներկայացվել 7 526 457 800 դրամ մեկնարկային գնով, 2020թ.-ի նոյեմբերի 11-ին՝ 7 150 134 910 դրամ մեկնարկային գնով, 2020թ.-ի նոյեմբերի 26-ին հյուրանոցի մեկնարկային գինը կազմել է 6 792 628 165 դրամ, իսկ 2020թ.-ի դեկտեմբերի 14-ին՝ 6 452 996 757 դրամ։

Այս տարիների ընթացքում հյուրանոցի արժեքը նվազել է 1.618.407.800 դրամով։

Հարցին՝ «Գոլդեն փելես» հյուրանոցն այս պահի դրությամբ պոտենցիալ գնորդներ ունի, թե ոչ, պետական գույքի կառավարման կոմիտեից նշում են, որ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով, հետևաբար գնորդ կարող է հանդիսանալ մրցույթի արդյունքում առավելագույն գնային առաջարկ ներկայացրած սուբյեկտը։

Երկու տարվա ընթացքում հյուրանոցի արժեքը նվազել է, սակայն պահպանման ծախսերն իրականացվում են ՀՀ պետբյուջեի հաշվին, հետևաբար խնդրել էինք նաև ներկայացնել, թե պետությունն այս ընթացքում որքան գումար է ծախսել հյուրանոցի պահպանման աշխատանքների համար, սակայն պետգույքի կառավարման կոմիտեից հարցին չեն պատասխանել՝ պատճառաբանելով, թե անհրաժեշտ է հստակեցնել հարցադրումը։

Նկատենք, որ նույն հարցադրմամբ դիմել էինք նաեւ 2020 թվականի օգոստոսին՝ նախքան պատերազմը։ Այն ժամանակ այս գերատեսչության համար հարցը ընկալելի եղել էր ու տեղեկացրել էին, որ «Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ի պահման համար 2019 թվականի սեպտեմբերի 26-ից մինչեւ 2020 թվականի օգոստոս ամիսը ծախսվել է 39.171.582 դրամ։ Այս պատասխանից 1,5 տարի է անցել, ինչից հետեւում է, որ պահպանման ծախսերը շատացել են, պաշտոնյաների հասկանալու ունակությունը՝ նվազել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս