«Մարդը թուրքի ստրուկից վերածվել է ընկերոջ. ինքը Հայաստանն էլ կուրանա, Ցեղասպանությունն էլ». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ տարին սկսվել է Փաշինյանի համար ապահովելով խաղաղ իշխանավարություն:

«Իսկ Նիկոլի համար խաղաղ իշխանավարությունը ՀՀ համար տարածքային ամբողջականության կորուստն է, ՀՀ քաղաքացիների անվտանգության խիստ վտանգված լինելու հանգամանքը, Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրսի իրադարձություններում միայն հայկական պետականության վարկի նվազեցում, արժանապատվության կորուստ և նվաստացում: Սա այն գինն է, որ Հայաստանը և Արցախը վճարում են՝ Նիկոլի իշխանավարումը երկարաձգելու և ապահովելու համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հանդուրժել Նիկոլ Փաշինյանին՝ նշանակում է թիկունքից հարվածել Հայաստանի Հանրապետության պետականությանը. «Նիկոլ Փաշինյանի անտարբերությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ է: Յուրաքանչյուր անգամ, երբ մենք լսում ենք սինքրոնիզացված պատասխաններ, որ իրենք Թուրքիայի հետ են չգիտես՝ ինչ բանակցում, սինքրոնիզացված իրականություն ենք տեսնում Ալիևի խոսքերի և բացառապես մեր թշնամական պետության շահերից բխող արտահայտություններ՝ Նիկոլի շուրթերից, հասկանում ենք, որ պետք չէ հույսը դնել այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանում զավթել են իշխանությունը և, ըստ էության, դավադրության առարկա են դարձրել ՀՀ-ն»:

Նրա դիտարկմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները գնալով ոչ հայանպաստ են դառնում, որովհետև ցանկացած բանակցային սեղանի շուրջ նստած չէ ՀՀ ներկայացուցիչը. «Այնտեղ կան թշնամիներ, կարող են լինել բարեկամներ, բայց ոչ ՀՀ շահը ներկայացնող մեկը: ՀՀ դիվանագիտական ողջ կապիտալը մինչև իշխանազավթումը հասել էր նրան, որ ՀՀ բանակցողի կողմից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, այդ երկրների ԱԳ նախարարների շուրթերից կասկածի տեղիք չէր տալիս այն հանգամանքը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բացարձակ սկզբունքներից մեկն է: Հիմա Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ իր ասուլիսի ժամանակ ասում է՝ ո՞վ է ասել, որ Արցախը միայն հայկական միավոր է: Այս մարդը բացառապես սպասարկում է Ադրբեջանի շահը: Իմ գիտակից կյանքի ընթացքում չեմ կարող հիշել, թե երբ է կարողացել Ադրբեջանը պնդել, որ Հայաստանը բանակ ունենալու իրավունք չունի, Ադրբեջանը կամ Թուրքիան խոսեն ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Այսինքն՝ հիմա մեր ներքաղաքական կյանքում Նիկոլի կողմից իրականություն դարձող օրակարգերը առաջինը հնչում են թուրքի կամ ադրբեջանցու շուրթերից»:

ՀԱՊԿ շրջանակում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու Փաշինյանի որոշման վերաբերյալ Աննա Մկրտչյանը հետևյալն ասաց. «Այս անձնավորությունը մի կարևոր սկզբունք ունի՝ ինքը եվրոպացու կոշիկը կլիզի, ռուսի սապոգը կլիզի, թե թուրքի կեղտոտ ոտքը՝ միայն ժամանակագրությունից և իր շահից է պայմանավորված»:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու վերաբերյալ ասել էր, թե պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց են տվել, թե ինչպես պետք է աշխատի. «Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»:

Աննա Մկրտչյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի Արմեն Գրիգորյանը. «Արմեն Գրիգորյանն ասում է՝ եթե մեր Նիկոլից, մեր իշխանազավթից բացի, մեկն էլ հայտնվի, ով ուզենա 15 րոպե գնա՝ Ռադիոտունը գրավի, հետո՝ ԱԺ-ն, հետո որոշի մեր պատգամավորներին հայհոյել կամ թաղումներ կազմակերպել, մենք ձեր վրա զենք էլ կկիրառենք, զորք էլ կկիրառենք: Սա միայն հայտարարության մակարդակով չէ, իրենց գործողություններն էլ են սրա մասին հուշում, որովհետև ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում հաղթել են մարդիկ, ովքեր ՔՊ-ի համար չեն աղոթում, իսկ այս մարդիկ ասում են՝ դա էլ հնարավոր չէ, չե՞ք հասկանում, դուք անգամ համայնքապետարան չեք մտնելու: Ոստիկանությունով կլինի, հատուկ ջոկատայիններով կլինի, դա բավական չի լինի, զենք ու զորքով կլինի, Արմեն Գրիգորյանն էլ հավաստում է, որ ՀԱՊԿ-ով կլինի, մինևնույն է՝ դուք այստեղ իշխանությունը վերցնելու խնդիր ձեր առաջ չպետք է դնեք, որովհետև մեր Նիկոլը շատ է սիրում իշխանություն, դուք պետք է դրանում համոզված լինեիք»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված հայկական կողմի բոլոր դժբախտությունները կարելի է գտնել Չավուշօղլուի մեկ նախադասության մեջ. «Երբ նա ասաց, որ ինքը մեր ԱԳ նախարար «Օմեգայի»՝ թուրքի ստրուկի հետ ընկեր է: Դուք պատկերացրեք՝ թուրքի ստրուկի համար սա ինչ մեծ հոգևոր բավարարվածություն է առաջացնում, այս մարդը ստրուկից վերածվել է ընկերոջ: Ինքը Հայաստանն էլ կուրանա, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունն էլ կուրանա, մեզ բոլորիս էլ կհանձնի թուրքին՝ միայն թե տեսանելի ապագայում Չավուշօղլուի համար մնա որպես ընկեր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս